«Իմ կարծիքով` յուրաքանչյուր գիտակից մարդու համար ամեն մի օրն ապրել-ավարտելը հերթական կորուստ է, մի քայլ է դեպի իր մահը, որը չգիտենք, թե ինչ է. լա՞վ է, թե՞ վատ, շարունակություն ունի՞, թե՞ ոչ…»: «Իրատես de facto»-ի «Եվ ոչ միայն մշակույթ» խորագրի ներքո տեղ գտած հարցազրույցում ասել էր «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր, թարգմանիչ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Անվանի մտավորականն այլևս մեզ հետ չէ:
«Ժամանակի մեր հասարակության խնդիրներից մեկն այն է, որ այս տեսակի կորուստների մեծությունը, ինչպես հարկն է, չի գիտակցում: Սա սոսկ թարգմանչի, մտավորականի, քաղաքացու մահ չէ, իրենով մշակութային շերտ պայմանավորող մարդու կորուստ է: Մենք երկար ժամանակ չենք սթափվելու, մանավանդ որ շատ անժամանակ էր Սամվել Մկրտչյանի մահը»,- մեզ հետ զրույցում ասաց գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: Տեղեկացրեց, որ նախորդ տարիների իր թարգմանությունները Սամվել Մկրտչյանը մշակել էր, այս տարի համարյա բոլորը տպագրել և, ըստ էության, ինչ-որ նոր հանգրվան էր պետք, որ նոր գործեր ստեղծի, թարգմանական դաշտը հարստացնի:
«Այն, ինչ արել է Սամվելն իր թարգմանական գործունեության ընթացքում, մենք, որպես հասարակություն, ընթերցող, ժողովուրդ կեսի կեսի կեսը չենք փոխհատուցել: Մանավանդ, եթե հաշվի առնենք նրա թարգմանական գործի պսակը: Աշխարհում շատ ժողովուրդներ չկան, որ «ՈՒլիսես» են թարգմանել, նրա շնորհիվ մենք աշխարհի բացառիկ ժողովուրդների շարքում ենք: Էլ չասած լեզուն հարստացնելու, թարգմանական դաշտի, մեր մշակույթի համար ինչ-որ բան անելու նրա ամենօրյա մտահոգությունը, նրա` մտավորականի, քաղաքացու տեսակը, պարզ, շիտակ կեցվածքը, երիտասարդների, գրչակիցների հետ շփումը,- հավելեց գրաքննադատը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ բառերով չբացատրվող կորուստ ենք ունեցել:- Մենք սիրում ենք, չէ՞, մահից հետո ասել՝ անփոխարինելի կորուստ, բառիս բուն իմաստով... անփոխարինելի»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ